Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեծ Բրիտանիան ցանկանում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցային գործընթացին

Մեծ Բրիտանիան ցանկանում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցային գործընթացին
08.10.2015 | 16:28

Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության հետ միջպետական կապերի ամրապնդման, գործակցության ընդլայնման և երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար կան բոլոր նախադրյալները՝ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդունելով Հայաստանում ՄԲ նորանշանակ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հավատարմագրերը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը կներդնի բոլոր ջանքերը հայ-բրիտանական միջպետական օրակարգը նոր նախաձեռնություններով հարստացնելու և առաջ մղելու ուղղությամբ: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական համագործակցությունը, որում, զրուցակիցների համոզմամբ, մեծ է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի ավանդը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ խորհրդարանականների ակտիվ շփումներն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերական խորհրդակցությունները կշարունակվեն նաև ՄԲ խորհրդարանում ձևավորվելիք նոր բարեկամության խմբի հետ: Հայաստանի նախագահը միջխորհրդարանական և հայ-բրիտանական կապերի զարգացման գործում ընդգծել է բարոնուհի Քերոլայն Քոքսի մեծ ներդրումը, նա Լեռնային Ղարաբաղ այցերի լավ ավանդույթ ստեղծեց:
Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել պաշտպանության ոլորտում ձևավորված հայ-բրիտանական համագործակցությունը` կարևոր ձեռքբերում են համարվել 2014-ի սեպտեմբերին Երևանում կայացած քննարկումներն ու ռազմական համագործակցության պլանի ստորագրումը: Սերժ Սարգսյանը և Ջուդիթ Ֆարնուորթը կարևորել են համագործակցությունը առևտրատնտեսական ոլորտում և միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ու այլ կազմակերպությունների շրջանակներում: Ջուդիթ Ֆարնուորթն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան ուշադրությամբ հետևում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությանը և ցանկանում է աջակցել այդ ձևաչափով տեղի ունեցող խաղաղ բանակցային գործընթացին: Նախագահը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այլ հարցերում Մեծ Բրիտանիայի անկողմնակալ դիրքորոշման համար:
ՄԲ դեսպանը նշել է, որ իր երկիրը պատրաստակամ է առաջատար դեր ստանձնել Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցությունը կարգավորող նոր իրավական շրջանակի ձևավորման հարցում, որը, նրա համոզմամբ, կարող է շարժիչ ուժ հանդիսանալ հայ-բրիտանական երկկողմ և բազմակողմ համագործակցությունը զարգացնելու գործում:

Դիտվել է՝ 731

Մեկնաբանություններ